Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 22-ից 25-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 8-ական, հոգեկան ներգործության ու խոշտանգման՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 3-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 2-ական, սպանության փորձի, ավազակության, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի որսի, թմրանյութի իրացման, շինարարական աշխատանքների ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացման, ընտրական հանձնաժողովների աշխատանքների կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները խախտելու և ինքնավնասման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, կողոպուտի և դրամանենգության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 1 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: