Դեկտեմբերի 4-ին Վալերիյ Օսիպյանը սպայական ուսադիրներ ու պարգևներ է հանձնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ոստիկանության տարբեր ստորաբաժանումների տասից ավելի ծառայողներ հրավիրվել էին ոստիկանության կենտրոնական վարչակազմ՝ պարգևատրման ու բարեխիղճ ծառայությամբ վաստակած հերթական կոչումը ստանալու։ Նրանք աչքի են ընկել իրենց պրոֆեսիոնալիզմով, մասնագիտական գիտելիքների պաշարով, և ամենակարևորը՝ ծառայության նկատմամբ սրտացավ մոտեցմամբ։ Օրը նշանավորելու համար ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ հանձնեց ուսադիրներն ու պարգևները։
Շնորհավորական խոսքում Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ նրանք այսուհետ ավելի պարտավորված կլինեն ծառայել բարեխիղճ ու սրտացավ։ «Դուք կանգնած եք հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության, մարդու և քաղաքացու կյանքն ու գույքը պաշտպանելու առաջնագծում։ Թերացողները մեր շարքերում տեղ չունեն։ Մերօրյա ոստիկանությանն այլևս խորթ պետք է լինի անբարեխիղճ մոտեցումը գործին։ Շարունակեք ծառայել` այս ամենն ուղենիշ ունենալով»,-ամփոփեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։