ՖՐԱՆՍԻԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ. «Դուք չեք զիջում եվրոպական ոչ մի պետության» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ճանապարհային ոստիկանության փորձն ուսումնասիրելու, նաեւ ոլորտում ֆրանսիական փորձը ներկայացնելու նպատակով դեկտեմբերի 3-ից 7-ը Հայաստանում էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության պատվիրակությունը:
Ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության աշխատակիցներն անցկացրին դասընթացներ, որոնց ընթացքում ներկայացվեցին Ֆրանսիայում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, գործող տեսադիտարկման եւ արագաչափ սարքերի համակարգը, ձմեռային պայմաններում ճանապարհային ոստիկանների աշխատաոճը եւ այլն: Դասընթացները, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի ոստիկանական կառույցների համագործակցության շրջանակներում էին, օրինականության, արդարադատության հաստատման գործում փորձի փոխանակման հերթական հնարավորությունն են:
Դասընթացի մասնակիցներին հանձնվեցին սերտիֆիկատներ:
Ֆրանսիացի ոստիկանները հայ գործընկերներին ցուցադրեցին նաեւ իրենց գործելաոճը ճանապարհներին: Ներկայացրին, թե օպերատիվ տեղեկություն ստանալիս ինչպես են վնասազերծում հանցագործին կամ իրավախախտին:
Ֆրանսիացի մասնագետները նշեցին՝ իրենք եւս շատ բան ունեն սովորելու հայ գործընկերներից: Այդ համոզմանը հանգեցին հատկապես, երբ ծանոթացան ճանապարհային ոստիկանության ձեռքբերումներին:
Ճանապարհային ոստիկանությունում արմատական բարեփոխումները առանցքային խնդիր էր, եւ վերջին հինգ տարիներին սկզբունքային փոփոխությունների ենթարկվեցին ճանապարհային երթեւեկության կազմակերպման ու երթեւեկության անվտանգության ապահովման մեխանիզմները:
Ճանապարհային երթեւեկության վերահսկողության կատարելագործման շրջանակներում՝ մայրաքաղաքում եւ միջպետական նշանակության ճանապարհներին տեղադրվեցին տեսանկարահանող եւ արագաչափ սարքեր, նորացվեց լուսացույցային բազան, պարեկային մեքենաները հագեցվեցին տեսագրող սարքերով: Այս հիմնարար փոփոխությունները չվրիպեցին հյուրերի աչքից, նրանք անկեղծացան, որ զարմացած են հայ գործընկերների պրոֆեսիոնալիզմից, աշխատաոճից:
Հյուրերը եղան նաեւ տրանսպորտային միջոցների հաշվառման-քննական բաժնում:
Ինչպես միշտ, քաղաքացիների սպասարկման սրահը մարդաշատ էր: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը ներկայացրեց քաղաքացիների դիմումների ընդունման, փաստաթղթերի ձեւակերպման գործընթացը:
Այնուհետեւ ցուցադրվեց պետհամարանիշերի պատրաստման եւ տրամադրման ընթացքը:
Ֆրանսիացի ոստիկանները եղան նաեւ համակարգչային տեսական քննական սենյակում: Նրանց ուշադրությունը հատկապես գրավեց ժամանակակից տեխնոլոգիաներով կահավորված քննասենյակը, քննության գործընթացի թափանցիկությունը:
Ծանոթացան վարորդական իրավունքի վկայականների պատրաստման եւ տրամադրման գործընթացին:
ՙՇատ զարմանալի ու նաեւ շատ հաճելի էր տեսնել այս բոլոր գործընթացների արդիական լինելը՚,- հավաստեցին նրանք: Իրենց տպավորությունները կիսեցին նաեւ տեսախցիկի առաջ:
ՙԱյս հինգ օրերի ընթացքում մենք այցելել ենք ճանապարհային ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Ուզում ենք հաստատել, որ արդիականացվել են ճանապարհային ոստիկանության թե՞ տեխնիկական միջոցները, թե՞ աշխատելաոճը: Այն, ինչ մենք տեսանք, Հայաստան պետության մեծ կամքն էր արդիականացնել կառույցն առաջին հերթին:
Այս արդիականացումը նաեւ ժողովրդավարական պետություններին հատուկ փոփոխություն է, եւ պետք է նշել, որ դուք չեք զիջում ոչ մի եվրոպական պետության:
Պետք է նշել ճանապարհային ոստիկանության ոլորտում այն ակնառու փոփոխությունների մասին: Մենք այս օրերին աշխատել ենք ճանապարհային ոստիկանների հետ եւ բարձր ենք գնահատում նրանց պրոֆեսիոնալիզմը, ինչը շատ օրինակելի է՚:
Ոստիկանության բրիգադի հրամանատար Ռոլան Դեֆին անդրադառնալով վարորդ-ճանապարհային ոստիկան փոխհարաբերություններում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելուն ուղղված վերջին նորամուծությանը՝ նշեց, որ շատ երկրների ոստիկանական կառույցներ այս առումով սովորելու բան ունեն հայ ոստիկաններից:
ՙՄենք նկատեցինք, որ ճանապարհային ոստիկաններն իրենց վրա կրում են տեսախցիկներ, ինչը նշան է ժողովրդավարության, աշխատաոճում՝ թափանացիկության, հարգանք` քաղաքացիների հանդեպ: Առաջին հերթին այս տեսախցիկները թույլ են տալիս զերծ մնալ կոռուպցիոն ռիսկերից, մյուս կողմից՝ դրանք օգնում են ոստիկաններին. երբ, օրինակ, իրենց խոսքը կասկածի տակ է առնվում, տեսագրությունը ծառայում է որպես ապացույց՚:
Բարձր գնահատելով ճանապարհային ոստիկանության գործելաոճը, քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող հարգանքը, մարդասիրական վերաբերմունքը, ճանապարհային ոստիկանների արհեստավարժությունը, աշխատանքների կազմակերպվածությունը` ֆրանսիացի հյուրերը ներկայացրին նաեւ հայաստանյան այցի տպավորությունները:
ՙԱռաջին անգամ ենք Հայաստանում: Երբեք չենք պատկերացրել Երեւանն այսքան մոդեռն, այսքան արդիական տեսնել: Մենք մեզ հետ անպայման կտանենք ջերմ տպավորություններ թե՞ հյուրընկալության, թե՞ քաղաքի արդիականության մասին՚:
Այցի ավարտին հյուրերին ընդունեց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, դրանց արդյունքում ձեռքբերումները:
Հանդիպման վերջում ֆրանսիացի ոստիկանները շնորհակալություն հայտնեցին հայ գործընկերներին` ջերմ ընդունելության համար:
Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ