Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը
Մարտի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական իրավապահ կառույցների շուրջ 28 տարվա համագործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։
Ներքին գործերի նախարարը նշել է, որ տարիների ընթացքում ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ կազմակերպվել են 100-ից ավելի միջոցառումներ՝ շուրջ հազար ոստիկանի համար։
Վահե Ղազարյանն իր խոսքում ընդգծել է նաև ինտենսիվ աշխատանքները, որոնք իրականացվում են Հայաստանի և Ֆրանսիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև, իսկ միգրացիայի ոլորտում՝ սերտ համագործակցությունը Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի տարածաշրջանային ներկայացուցչության հետ։
Արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել է Վահե Ղազարյանին ՀՀ ներքին գործերի նախարար նշանակվելու կապակացությամբ և Ֆրանսիայի անունից պատրաստակամություն հայտնել աջակցել նախարարությանը։
Անն Լույոն նշելով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ կապերը՝ կարևորել է ոստիկանության, քաղպաշտպանության և միգրացիայի ոլորտներում համագործակցությունը։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարության կազմավորման, ինչպես նաև ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների մանրամասներ։ Նա մատնանշել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում համագործակցությունը միգրացիայի և քաղաքացիության ոլորտում, նշել ծառայություններում կանանց ներգրավվածության բարձրացման ուղղությամբ, ծառայողների ատեստավորման ու ջրային պարեկային ծառայության ստեղծման աշխատանքների մասին։
Հարավային Կովկասում ներքին անվտանգության տարածաշրջանային կցորդ Օլիվիե Լըֆեբվրը ներկայացրել է համագործակցության նախատեսվող ծրագրերը, որոնք ընդգրկում են ներքին վերահսկողության, ոստիկանական գվարդիայի, ջրային պարեկային ծառայության, համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման, ընտանեկան բռնության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միգրացիայի և քաղաքացիության ոլորտները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն ուղղված այլ հարցեր։