2012 թ. բացահայտումներից
2012 թ. փետրվարի 10-ին, ժ.19.30-ին, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Գյումրիի բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ Գյումրիի բաժին է հրավիրվել քաղ. Հ-ն, ով հաղորդում է տվել այն մասին, որ 2011 թ. օգոստոսի 1-ին Գյումրի քաղաքում ծանոթացել է ոմն Ա.-ի և Ն.-ի հետ, որոնք իրեն հավաստիացրել են, որ Թուրքիայի Հանրապետության Կոնյա քաղաքում իր համար դայակի աշխատանք կճարեն` ամսական 700 ԱՄՆ դոլար աշխատավարձով:
2011 թ. օգոստոսի 4-ին Ն.-ն Հ.-ին խաբեությամբ տարել է Տրապիզոն քաղաք, որտեղ ինքը ծանոթացել է ոմն Սուսաննայի հետ՝ «Դոկտոր» մականվամբ, որը, օգտվելով իր անօգնական վիճակից, մինչև 2011 թ. դեկտեմբերի 1-ը ստիպել է իրեն զբաղվել մարմնավաճառությամբ:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ 2012 թ. փետրվարի 11-ին պարզվել են Ա.-ի, Ն.-ի և Սուսաննայի անձերը:
Ն.-ն և Սուսաննան ձերբակալված են:
Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է նախաքննություն:
***
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ 2012 թ. փետրվարի 14-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ է հրավիրվել անչափահաս Ս.-ն, որը հատուկ մանկավարժի ներկայությամբ հաղորդում է տվել այն մասին, որ 2011 թ. մայիսին իր մոր` Լ.-ի սիրեկան Էդիկը պարբերաբար ստիպել է իրեն զբաղվել մուրացկանությամբ, հրաժարվելու դեպքում ծեծի է ենթարկել և վաստակած գումարները խլելով՝ ծախսել է իր կարիքների համար,:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2011 թ. գարնանը, համատեղ բնակվելու ընթացքում, Էդիկը Ս.-ին պարբերաբար ստիպել է զբաղվել մուրացկանությամբ, իսկ հրաժարվելու դեպքում ծեծի է ենթարկել և մուրացկանությամբ վաստակած գումարները խլել նրանից` ոգելից խմիչքներ գնելու համար:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
***
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ 2012 թ. փետրվարի 20-ին, ժ.13.10-ին, ԿՀԴՊ ԳՎ է հրավիրվել Տ.-ն, ով հաղորդում է տվել, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Արտավազդը 2011 թ. գարնանից պարբերաբար ստիպել է իրեն զբաղվել մարմնավաճառությամբ, հրաժարվելու դեպքում ծեծի է ենթարկել և սպառնացել, որ երեխային իրենից կզրկի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2011 թ. գարնանից Ա. Մուրադյանը պարբերաբար ստիպել է Տ.-ին զբաղվել մարմնավաճառությամբ, հրաժարվելու դեպքում ծեծի է ենթարկել և սպառնացել, որ երեխային իրենից կզրկի, խլել է մարմնավաճառությամբ վաստակած գումարները, որոնք ծախսել է անձնական կարիքների համար:
2011 թ. աշնանը Տ.-ն գնացել է իր ծնողների տուն և խզել կապերը Արտավազդի հետ:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, Արտավազդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների հետ համատեղ՝ 2012 թ. մարտի 30-ին, ժ. 21.45-ին, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի դիմացից բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող Արտավազդին:
Խափանման միջոցը` կալանք:
***
2012 թ. մարտի 7-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ԿՀԴՊ ԳՎ է հրավիրվել Ա.-ն, ով հաղորդում է տվել այն մասին, որ 02.06.2004 թ. Արմավիր քաղաքի «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերել է տղա երեխա, ում 5 օր անց 300 ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է նույն բաժանմունքի վարիչ Նշանին /նախկինում 2 անգամ դատված/:
Ձեռնարկվում են միջոցառումներ վաճառված երեխային հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ:
***
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2011 թ. հունվար-մարտ ամիսներին քաղ. Մ.-ի ծանոթ Ռ.-ն նախ առաջարկել, այնուհետև համոզել է նրան մեկնել Թուրքիա` վերջինիս ծանոթ ոմն Գոգայի մոտ բարձր աշխատավարձով որպես պարուհի աշխատելու համար:
Մ.-ն Թուրքիա մեկնելու մտադրության մասին պատմել է իր ընկերուհուն` Հ.-ին, ով նույնպես ցանկություն է հայտնել մեկնել Թուրքիա` աշխատելու:
2011 թ. ապրիլին Ռ.-ն իր ավտոմեքենայով Մ.-ին և Հ.-ին փոխադրել է Վրաստանի Բաթումի քաղաք, որտեղից էլ ավտոբուսով վերջիններիս ուղարկել է Թուրքիա:
Թուրքիայի Անկարա քաղաքում Գոգան վերցնելով վերջիններիս անձնագրերը՝ ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ` տիրանալով վաստակած գումարներին:
Պարզվել է, որ Գոգան Գոհար Կիրակոսյանն է /Կիլինչը/:
Մ.-ից և.Հ.-ից ընդունվել են հաղորդումներ:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
***
Մի քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և ՔԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2011 թ. աշնանը Սերգեյ Հովսեփյանը ռուսական բժշկական ինտերնետ կայքերից մեկում հայտարարություն է տեղադրել իր երիկամը վաճառելու վերաբերյալ, որից հետո վերջինիս հետ կապվել է Իսրայելցի Ա.-ն և առաջարկել վաճառել երիկամը Շրի Լանկայում՝ 12.000 ԱՄՆ դոլարով:
2011 թ. հոկտեմբերին Հովսեփյանը մեկնել է Շրի Լանկա, որտեղ Կոլոմբո քաղաքի բժշկական կենտրոնում նրա երիկամը փոխպատվաստվել է Իսրայելի քաղաքացուն, ինչի համար ստացել է 12.000 ԱՄՆ դոլար: Այնուհետև Ս. Հովսեփյանը հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Ա.-ի հետ, ՀՀ-ից Շրի Լանկա երիկամներ վաճառելու համար այլ անձանց հավաքագրելու և ուղարկելու վերաբերյալ` յուրաքանչյուր անձի համար 2.000 ԱՄՆ դոլար ստանալու պայմանով:
2011 թ. նոյեմբեր ամսից մինչև 2012 թ. մարտ ամիսը Ս. Հովսեփյանը ՀՀ-ում հավաքագրել և Շրի Լանկա է ուղարկել 3 ՀՀ քաղաքացիների, որտեղ նրանցից վիրահատության ճանապարհով հանվել են յուրաքանչյուրից մեկ երիկամ և փոխպատվաստվել այլ անձանց, ինչի համար Ս. Հովսեփյանը Ա.-ից ստացել է ընդհանուր առմամբ 6.000 ԱՄՆ դոլար:
Բացի այդ, Շրի Լանկայում երիկամներ վաճառելու նպատակով Ս. Հովսեփյանը ՀՀ-ում հավաքագրել է ևս 2 քաղաքացիների, սակայն վերջիններիս երիկամները չեն հեռացվել` Ս. Հովսեփյանի կամքից անկախ պատճառներով:
Միաժամանակ պարզվել է նաև, որ Ս.Հովսեփյանի կողմից որպես երիկամի դոնոր հավաքագրվել և Շրի Լանկա պետք է ուղարկվեր նաև քաղ Մ.-ն:
Շրի Լանկայում երիկամների հիշյալ դոնորները ներկացվել են որպես երիկամներ ստացողների մերձավոր ազգականներ` համապատասխան կեղծ փաստաթղթեր պատրաստելու միջոցով: Շրի Լանկայում վերը նշված անձանց դիմավորել, նրանց այնտեղ մնալու ամբողջ ընթացքում ուղեկցել են և կլինիկաներում վիրահատությունների են տարել Իսրայելի 3 քաղաքացիներ:
Ս. Հովսեփյանը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
2012 թ. ապրիլի 26-ին, ժ. 01.00-ին, քաղ. Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2002-2006 թվականների ընթացքում Խ.-ն օգտագործելով իր խոցելի վիճակը` Երևան քաղաքում ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ և սպառնալիքների ներքո տիրացել այդ ճանապարհով վաստակած գումարներին, ենթարկելով սեռական շահագործման, իսկ 2006 թ. հունվարի 14-ին Խ.-ն իրեն ուղարկել է Թուրքիայի Հանրապետություն, որտեղ տարբեր քաղաքներում շուրջ 5 ամիս ինքը զբաղվել է մարմնավաճառությամբ և 2006 թ. հունիսին այդ երկրի միգրացիոն ծառայությունների կողմից վերադարձվել է Հայաստան:
2012 թ. ապրիլի 23-ին Խ.-ն զանգահարելով իրեն և նախկինում մարմնավաճառությամբ զբաղվելու հանգամանքը հրապարակելու սպառնալիքով՝ մինչև ապրիլի 25-ը պահանջել է 200 ԱՄՆ դոլար:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: