2011 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Հանոյում...
2011 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Հանոյում (Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն) կայացավ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էր Ինտերպոլի 142 անդամ երկրների պատվիրակությունների շուրջ 630 ներկայացուցիչ:
ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը:
Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքները ղեկավարում էին Ինտերպոլի գործադիր կոմիտեի նախագահ Կու Բուն Հյուն և Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը` Գլխավոր քարտուղարության 63 աշխատակիցների անմիջական աջակցությամբ:
Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը բացվեց անդրազգային հանցավորության ավանդական և նոր դրսևորումների դեմ պայքարում իրավապահ մարմիններին ուղղված զգոնության կոչով:
Վեհաժողովի քննարկմանն էին դրված երեխաների սեռական շահագործմանը, ծովահենությանը, հրազենի ապօրինի շրջանառությանն ու փախուստի մեջ գտնվող հանցագործների հետախուզմանը վերաբերող հարցեր:
Բացման խոսքում Վիետնամի վարչապետ Նգույեն Խուան Ֆուկը հայտարարեց, որ իրենց երկրի կառավարությունն առանձնահատուկ կարևորում է համագործակցությունն Ինտերպոլի հետ, ինչը նպաստում է միջազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը նշեց, որ Ինտերպոլի ազդեցությունն ամբողջ աշխարհում մեծանում է և անդամ պետությունների ներկայացուցիչներին կոչ արեց շարունակել ակտիվ մասնակցություն ցուցաբերել Ինտերպոլի նոր ճամփորդական փաստաթղթերի նախաձեռնությանը, ինչի շնորհիվ կհզորանա ոստիկանական տարածաշրջանային և միջազգային համագործակցությունն անդրազգային հանցավորության դեմ պայքարում:
Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին քրեական ոստիկանական միջազգային համագործակցության, անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման, ինչպես և կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք հարցեր:
Քննարկված հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:
ՀՀ ոստիկանության պատվիրակին ընդունեց Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռ.Նոբլը: Քննարկվեցին ՀՀ ոստիկանության հետ կազմակերպության համագործակցությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի զարգացմանը, այդ թվում՝ օժանդակության ցուցաբերմանն առնչվող հարցեր:
ՀՀ պատվիրակը գործնական հանդիպումներ ունեցավ նաև Ինտերպոլի գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Ֆրանսիայի, Լեհաստանի և այլ անդամ երկրների ոստիկանական ծառայությունների ու Ինտերպոլի ԱԿԲ-ների ղեկավարների, ինչպես և կազմակերպության նախագահ Կու Բուն Հուի հետ:
2012 թ. աշնանը Գլխավոր ասամբլեայի հաջորդ նստաշրջանի անցկացման վայր ընտրվեց Իտալիան:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ