Հոկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն...
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանն ընդունեց Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության` Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլին:
Ողջունելով հյուրին` ոստիկանության պետը նշեց, որ նշանակալից իրադարձություն է Ինտերպոլի ղեկավարի այցը Հայաստան ու Հայաստանի ոստիկանություն, և խորհրդանշական է, որ այն համընկնում է Երևանում անցկացվող Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Անուրանալի է Ինտերպոլի աջակցությունը Հայաստանի ոստիկանությանը, ընդգծեց Ալիկ Սարգսյանը, արդեն տարիներ տևող փոխգործակցությունն ամենօրյա բնույթ է կրում և վերածվել է սերտ գործընկերության:
Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը Ռոնալդ Նոբլին շնորհակալություն հայտնելով համակողմանի աջակցության և օժանդակության համար` հույս հայտնեց, որ Ինտերպոլի և ՀՀ ոստիկանության համագործակցությունը առաջիկայում ավելի կխորանա` ընդհանուր գործում արձանագրելով բարձր արդյունքներ:
Ռոնալդ Նոբլը, ով արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալվելը:
Բարձրաստիճան հյուրը գոհունակություն հայտնեց ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու հնարավորության առթիվ:
Հանդիպման ավարտին Ռոնալդ Նոբլը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին հրավիրեց այցելելու Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն:
Ռոնալդ Նոբլը նույն օրը այցելեց Ծիծեռնակաբերդ. հարգանքի տուրք մատուցելով 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին` ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ծաղիկներ` անմար կրակի մոտ, ինչպես և ջրեց իր տնկած հիշատակի եղևնին: