Սեպտեմբերի 27-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացավ...
Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում կայացավ ՌԴ` քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը` Ինտերպոլին անդամակցելու 20-ամյակի եւ ՌԴ ՆԳՆ-ին կից Ինտերպոլի ԱԿԲ-ի ստեղծմանը նվիրված տոնակատարությունը, ինչպես եւ Ինտերպոլի գծով համառուսաստանյան 5-րդ սեմինար-խորհրդակցությունը: Միջոցառումներին մասնակցեց ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Սվերդլովսկի մարզի նահանգապետ Ա. Միշուրինը, Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռ. Նոբլը, ՌԴ ՆԳՆ բարձրաստիճան ղեկավարությունը` գեներալ-գնդապետ Օվչիննիկովի գլխավորությամբ, ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը եւ ղեկավար կազմը, տարածքային մասնաճյուղերի պետերը, ԱՊՀ մասնակից պետությունների ԱԿԲ-ների պետերը, մարզի իրավապահ մարմինների եւ այլ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, հյուրեր:
Ներկաներին, հեռուստակամրջի միջոցով, շնորհավորական ուղերձով դիմեց Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, բանակի գեներալ Ռաշիդ Նուրգալիեւը:
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը գործընկերներին փոխանցեց ՀՀ ոստիկանության ղեկավարության շնորհավորանքները եւ ի նշանավորումն ՌԴ-ի` Ինտերպոլին անդամակցելու 20-ամյակի, ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, միլիցիայի գեներալ-մայոր Տ. Լախոնինին հանձնեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով շնորհված ՙՄարտական զորակցություն՚ մեդալը:
Տոնական միջոցառումների շրջանակում ընդունելություն կազմակերպվեց Սվերդլովսկի մարզի նահանգապետ Ա. Միշուրինի մոտ, որը, մասնավորապես, ընդգծեց հայ համայնքի մեծ ներդրումը մարզի զարգացման գործում:
Հյուրերն այցելեցին մի քանի գործարաններ, հանդիպում ունեցան Եկատերինբուրգի իրավաբանական ակադեմիայում, որտեղ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Նոբլին շնորհվեց պատվավոր դոկտորի կոչում:
Հաջորդ օրը Ինտերպոլի գծով համառուսաստանյան 5-րդ սեմինար-խորհրդակցության ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը` հատկապես ընդգծելով ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի տարածքային մասնաճյուղերի հետ առօրյա աշխատանքներում իրականացվող արդյունավետ համագործակցությունը, ինչպես եւ ներկայացրեց ծագած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Վարդան Եղիազարյանը Հայաստանում Ինտերպոլի հեռահաղորդակցման I-24/7 համակարգի հետագա զարգացման վերաբերյալ քննարկումներ ունեցավ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռ. Նոբլի եւ գլխավոր քարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ա. Գրիտչինի հետ:
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ծրագրի շրջանակներում Գլխավոր քարտուղարության կողմից ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ:
Գործնական քննարկումներ եղան նաեւ ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի, տարածքային մասնաճյուղերի ղեկավարների եւ ԱՊՀ մասնակից պետությունների ԱԿԲ-ների պետերի հետ: