Օր ոգեկոչման և սխրանքի
Օր ոգեկոչման և սխրանքի
Մայիսի 6-ին Նոյեմբերյանում նշվեց Ոսկեպարի ողբերգության և հայ ոստիկանների սխրանքի ու հիշատակի ոգեկոչման 20-րդ տարելիցը: Արդեն երկու տասնամյակ մեր ժողովուրդն իր հաղթական մայիսների դրվագները վերհիշելուց առաջ հերոսության ու ցավի այս օրն է ապրում:
1991 թվականի մայիսի 6-ի վաղ առավոտյան Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան Նոյեմբերյանի միլիցիայի 20 աշխատակիցներ և նրանց ուղեկիցները: Դիմադրեցին հերոսաբար, բայց ուժերն անհավասար էին: Տասնմեկ ոստիկաններ զոհվեցին, ծանր վիրավորված եւս երեք հայորդիներ մահացան գերության մեջ: Զոհվածներից երկուսը քաղաքացիական անձինք էին, որոնք ոստիկանների հետ պաշտպանում էին սահմանները: Ողջ մնացած եւս տասը մարդ գերեվարվեց:
Ոսկեպարի անտառում տեղի ունեցած ողբերգությունից մի քանի ժամ անց խորհրդային զինվորները գերի վերցրին գյուղը պաշտպանող 45 ոստիկանի՝ հանձնելով նրանց ադրբեջանցի օմոնականներին:
Ավանդույթի համաձայն` այս տարի էլ ոստիկանության ներկա ու նախկին բազմաթիվ աշխատակիցներ, հարյուրավոր նոյեմբերյանցիներ, սահմանների պաշտպանությանը մասնակցած տղաներ, զոհվածների հարազատները խոնարհվեցին հերոսների պայծառ շիրիմների առջեւ, երդվեցին վառ պահել հիշատակն այն քաջերի, ովքեր արյունով սրբագործեցին հող հայրենին…
Սա է մեր ժողովրդի կենսունակության գաղտնիքը: