Ամփոփ տեղեկություններ
Ներքին անվտանգության վարչության անցած ուղին, խնդիրները և գործունեության հեռանկարները
Ոստիկանության համակարգում (նախկինում` Ներքին գործերի նախարարություն) ներքին անվտանգության գործառույթ իրականացնող ստորաբաժանման ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է դեռևս 1920-ական թվականներին, ինչը թելադրված էր ոստիկանության մարմինների կայուն գործունեության ապահովման պահանջներով, քանի որ բոլոր ժամանակներում, ինչպես իրավապահ մարմիններից յուրաքանչյուրում, ոստիկանության համակարգում ևս եղել են և կան ծառայողներ, ովքեր փորձում են ոստիկանությունում ծառայությունն օգտագործել անձնական նպատակների և շահերի համար:
Կազմավորման օրից` ժամանակ առ ժամանակ, ներքին անվտանգության գործառույթ իրականացնող ստորաբաժանումը գործել է ոստիկանության այլ կառույցների կազմում կամ առանձին:
2003 թվականի հունվարի 20-ին, ի կատարումն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջի, ՀՀ ոստիկանության պետի թիվ 15-Ա հրամանով ոստիկանության կառուցվածքում ստեղծվեց ներքին անվտանգության վարչությունը` ՆԱՎ:
Հենց այդ ամսաթիվն է համարվում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ստեղծման օրը:
Ներքին անվտանգության վարչությունը ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ինքնուրույն վարչություն է, որն իր լիազորություններն իրականացնում է ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքներով, «ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կանոնադրությամբ», ոստիկանության պետի հրամաններով և այլ իրավական ակտերով:
ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են կատարվում նաև ներքին անվտանգության վարչությունում` ոստիկանության հանդեպ հասարակության հավատի ու վստահության վերականգնման և ոստիկանի նոր կերպարի ձևավորմանն ուղղված ՀՀ ոստիկանության ղեկավարության որդեգրած ռազմավարությունն ի կատար ածելու նպատակով:
Էապես փոխվել է ոստիկանության համակարգում ծառայողական կարգապահության ամրապնդման ու իրավախախտումների կանխարգելման աշխատանքներն իրականացնելու քաղաքականությունը` նպատակ ունենալով առավել արդյունավետ դարձնել համակարգում արատավոր երևույթների դեմ պայքարը:
Այստեղ պետք է ընդգծվի, որ արատավոր երևույթների դեմ պայքարում չպետք է անտեսվեն ոստիկանության ծառայողի իրավունքները և արժանապատվությունը: Հենց այս նպատակն է հետապնդում ՀՀ ոստիկանության պետի ուղղակի պահանջը. դեմքով շրջվել դեպի ծառայողը, հարգել նրա արժանապատվությունը, բացառել ոստիկանության ծառայողի իրավունքների ոտնահարումը և նպաստել անհիմն կերպով կարգապահական պատասխանատվության ենթարկված ծառայողի հեղինակության վերականգնմանը:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը համագործակցել և համագործակցում է ՀՀ ոստիկանության բոլոր ստորաբաժանումների, ՀՀ և այլ պետությունների մյուս իրավապահ մարմինների հետ:
Պատրաստակամ ենք համագործակցություն ծավալել բոլորի հետ` քաղաքացիներ, հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ, ոստիկանության ծառայողներ, ովքեր իրապես շահագրգիռ են ոստիկանության համակարգում արատավոր երևույթների դեմ պայքարում և ցանկանում են. «ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ»: