«Դասը վարում է ոստիկանը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
17.05.2013 18:13
ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսօր հանրապետության շուրջ 1400 հանրակրթական դպրոցներում հյուրընկալվել էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի ծառայողներ: «Դասը վարում է ոստիկանը» խորագրով աննախադեպ միջոցառման նպատակը դեռահասների հետ աշխատանքի որակական փոփոխությունն էր: Ոստիկանությունը չափազանց կարևորում է անչափահասների իրավական դաստիարակության խնդիրը, և նրանց հանցավորության մարտահրավերներից զերծ պահելու, և ապագայում օրինահարգ քաղաքացիներ ունենալու մտահոգությամբ: Իսկ դեռահասի աշխարհը մտնելու, նրանց հուզող հարցերին և խնդիրներին առնչվելու լավագույն միջոցը ուղղակի շփումն է, մտերիմ զրույցը, հաղորդակցումը հենց իրենց տարածքում՝ դպրոցում:
Հայաստանի ոստիկանությանը նվիրված դասաժամի ընթացքում հյուրերը ավագ և բարձր դասարանների աշակերտներին ներկայացրին համակարգի անցած ուղին՝ 1918 թվականից մինչև մեր օրերը: Երեխաները նաև հնարավորություն ունեցան դիտելու ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պատրաստած «Երդվյալ ծառայության 95 տարի» տեսաֆիլմը:
Ներկայացվեցին նաև վերջին շրջանում ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ տարվող ծավալուն աշխատանքները:
Փաստելով, որ ցանկացած պետության կայացածության աստիճանը կարելի է գնահատել նրանով, թե ինչպիսին է ոստիկանությունը, դասը վարողներն արձանագրեցին, որ վերջին շրջանում էական բարեփոխումներ կան ոստիկանության գործունեության մեջ և արվելու է ամեն ինչ, որպեսզի վաղվա քաղաքացին իրեն ավելի ապահով ու պաշտպանված զգա իր երկրում:
Ոստիկանության ծառայողները պատասխանեցին նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին: