«Հրապարակ» օրաթերթի մի հրապարակման առնչությամբ
12.10.2012 14:34
Պարզաբանում
«Հրապարակ» օրաթերթի 10.10.2012 թ. համարում հրապարակվել է պաշտոնաթող փոխգնդապետ Մելսիկ Ավետիսյանի «Ձևական մոտեցումներ քաղաքացիների դիմում-բողոքներին» վերտառությամբ նամակը: Հեղինակը նշում է, որ իր հաշմանդամության կարգի վերաբերյալ` ոստիկանության պետին ուղղված դիմումն անպատասխան է մնացել, մեկ այլ դիմումին ի պատասխան ստացել է կրկնակի դրամական օգնություն, իսկ երրորդը մերժվել է անհիմն պատճառաբանությամբ:
Իրականությունն այսպիսին է:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին հասցեագրված` ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով ազատվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության պատճառական կապի մասին փորձագիտական եզրակացություն տրամադրելու վերաբերյալ Մելսիկ Ավետիսյանի` ս/թ սեպտեմբերի 25-ի դիմումը քննարկվել է ՀՀ ոստիկանության բժշկական հանձնաժողովում, իրավաբանական, ինչպես և ֆինանսաբյուջետային վարչություններում:
Այդ հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 23.01.2003թ. № 176-Ն, ինչպես և այդ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին` 09.12.2005թ. № 2173-Ն որոշումներով: Մասնավորապես` ՀՀ կառավարության 23.01.2003թ. № 176-Ն որոշման նոր լրացված 4-րդ կետի համաձայն« ՀՀ ոuտիկանությունում ծառայությունից uահմանված կարգով ազատվելուց (արձակվելուց) հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մաuին փորձագիտական որոշումները քննարկվում և հաuտատվում են ազատվելուց (արձակվելուց) հետո 5 տարվա ընթացքում: Ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատճառական կապի մասին փորձագիտական որոշումները քննարկվում եւ հաստատվում են անկախ ծառայությունից սահմանված կարգով ազատվելու (արձակվելու) ժամանակահատվածից:
Մ. Ավետիսյանը զորացրվելիս (01.10.1998թ.) ՀՀ ոստիկանության բժշկական հանձնաժողովում փորձաքննության չի ենթարկվել: Հետագա տարիներին նույնպես չի դիմել հիվանդությունների պատճառական կապը ծառայության հետ պարզելու համար և նույնաբովանդակ առաջին դիմումը ներկայացրել է 2009 թ. սեպտեմբերի 18-ին` կեսաթոշակի անցնելուց շուրջ 11 տարի անց:
Վերոգրյալի նկատառմամբ և ղեկավարվելով ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ ` ՀՀ ոստիկանության բժշկական հանձնաժողովի, ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության կողմից թե գրավոր և թե բանավոր դիմումատուին բազմիցս իրազեկվել է, որ հիվանդությունների պատճառահետևանքային կապի հարցը ՀՀ ոստիկանության բժշկական հանձնաժողովում քննարկման ենթակա չէ, որ դրա համար իրավական հիմքեր չկան:
Ինչ վերաբերում է դիմումում նշված` Մելսիկ Ավետիսյանի անունով միանգամից երկու դրամական օգնություն դուրս գրելու «արտառոց փաստին», որից փոքր գումարը ստորագրել և ստացել է, իսկ մեծ գումարից հրաժարվել, պարզվում է, որ այդ դրամական օգնության գումարների հատկացումը կատարվել է Մ. Ավետիսյանի դիմումների հիման վրա և ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի թիվ 778-Ն որոշմամբ սահմանված կարգով ու չափերի սահմաններում:
Այսպես, 2011թ. հոկտեմբերի 28-ին Մ. Ավետիսյանին հատկացվել է 20000 դրամ, որը ինչպես նշում է, ստորագրել և ստացել է, իսկ 2012թ. մայիսի 21-ին` 50000 դրամ, որը ինչպես արտացոլված է վճարումը հիմնավորող փաստաթղթերում` նույնպես ստացել է (առկա են Մ. Ավետիսյանի դիմումը և դրամարկղի ելքի օրդերը):
Օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով հաշվարկվել և վճարվում է նաև Մելսիկ Ավետիսյանի կենսաթոշակը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի
և լրատվության վարչություն