«Հրապարակ» օրաթերթի մի հրապարակման կապակցությամբ
ՀՀ ոստիկանության պետին ուղղված` Իրա Նազլոյանի բաց նամակի («Հրապարակ» օրաթերթ, 18.09.2012 թ.) վերաբերյալ պարզաբանումը «Հրապարակ»-ի 20.09.2012 թ. համարում հրապարակվել է բարեխղճորեն, ինչը ուրախալի է, բայց առնվազն տարակուսանք է հարուցում պարզաբանմանը հետևող «Հետգրությունը»` իր «մարտական» ոճով: Մեր նպատակը թերթին կամ նամակագրին «պատերազմ հայտարարելը» չի եղել. պարզաբանելով իրողությունների ընթացքը` ունեցել ենք միայն մեկ շահագրգռություն` ընթերցողին ներկայացնել իրականությունը, փաստը:
Համոզված լինելով, որ ճշմարտախոս լինելն ու ընթերցողի շահերը պաշտպանելը նաև «Հրապարակի» հավատամքն է և ամենայն հարգանոք մեր գործընկերների հանդեպ` հրապարակում ենք Իրա Նազլոյանի բացատրության բնագիրը` մեկ անգամ ևս հավաստելու համար, որ ոստիկանությունն իսկապես գործել ու գործում է իրողություններն ու փաստերը չթաքցնելու, առավել ևս` չխեղաթյուրելու սկզբունքի շրջանակներում:
«Հրապարակ» օրաթերթի 18.09.2012 թ. համարում հրապարակվել է քաղաքացուհի Իրա Նազլոյանի բաց նամակը ՀՀ ոստիկանության պետին, որտեղ մասնավորապես նշվում է, որ նա ցանկացել է հաղորդում տալ ոստիկանության Էրեբունու բաժնում, սակայն հաղորդումը չեն ընդունել` պատճառաբանելով, թե համապատասխան բլանկ չունեն:
Ավելին` ուսումնասիրությունների ընթացքում Իրա Նազլոյանը տվել է հետևյալ բացատրությունը. «Ես և ամուսինս հաղորդում տալու նպատակով երբևէ չենք դիմել ոստիկանության որևէ, այդ թվում` նաև Էրեբունու բաժին ու մերժում ստացել: Քանի որ ես դժգոհ էի մեր դիմումների կապակցությամբ ոստիկանների կողմից կատարված գործողություններից, որոնք ճիշտ և արդար լուծում չէին տալիս դրանց, Ն. Պարունովայի նկատմամբ քրեական գործ չէր հարուցվում, ես այդ միտքը հայտնել եմ լրագրողին, որը սխալ է ձևակերպել այդ միտքը և շարադրել է այն, թե իբր դիմել եմ ոստիկանության Էրեբունու բաժին` հաղորդում տալու նպատակով և մերժում եմ ստացել»:
Ինչ վերաբերում է Ի. Նազլոյանի դիմումներին ու ոստիկանության գործողությունների հանդեպ նրա դժգոհությանը, ապա հարկ ենք համարում ներկայացնել դեպքերի ընթացքը:
Այս տարվա մայիսի 11-ին Իրա Նազլոյանը դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին այն մասին, որ իր մորաքրոջ որդու կինը` Նարինե Պարունովան նախորդ օրը սպառնացել է, որ կսպանի իրեն, եթե դուռը չբացի: Նույն օրը բաժնի պետին ներկայացրած նույնաբովանդակ դիմումում Նազլոյանը նշել է, որ իրենց միջև խնդիրներ էին ծագել կենցաղային հարցի շուրջ, որի վերաբերյալ քաղաքացիական դատարանում վեճ է քննվում, իսկ ինքը դիմումներ է ներկայացրել ոստիկանություն` Պարունովային, Աշոտ բաղդասարյանին ու Մեսրոպ Ներհունյանին պարտավորեցնելու, որ իրեն չանհանգստացնեն:
Մայիսի 23-ին Պարունովան, Բաղդասարյանն ու Ներհունյանը դիմում են ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժնի պետին` հերքելով Նազլոյանի դիմումները ու պահանջելով, որ նա և Մուշեղ Բալասանյանը սուտ մատնության համար ենթարկվեն պատասխանատվության:
Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով հունիսի 1-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` Իրա Նազլոյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածով նախատեսված հանցակազմի, իսկ Ն. Պարունովայի գործողություններում` 137 հոդվածի 1-ին մասով հանցակազմի բացակայության հիմքով:
Որոշման օրինակներն ուղարկվել են կողմերին` պարզաբանելով համաձայն չլինելու դեպքում բողոքարկման իրենց իրավունքները:
Սա է իրողությունը, և այս պատմության մեջ իսկապես խորամուխ լինելու` լրագրողի ցանկության դեպքում այս տեղեկատվությունը կարող էր տրամադրվել նաև նրան, սակայն այդպիսի ցանկություն լրագրողի կողմից չի դրսևորվել: Ցավոք սրտի…
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն