Գեղարքունիքի մարզի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքեր են հայտնաբերել
Ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ Սևան քաղաքի բնակիչ 24-ամյա վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում: «Օպելը» ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելիս պարեկները սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութ օգտագործելու համար նախատեսված հարմարանք: Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Սևանի ոստիկանության բաժին, իսկ մյուս ուղևորը դիմել է փախուստի: Բացատրական աշխատանքի արդյունքում փախուստի դիմած 22-ամյա ուղևորը հետագայում ներկայացել է Սևանի բաժին և ձերբակալվել։ Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել են կանեփանման զանգված և պլաստմասե տարա։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որի մի մասն օգտագործել է, իսկ մնացածը պահել մոտը։ 25-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 8,41 գ կանեփանման զանգված և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ թմրանյութի մի մասը վարորդի հետ օգտագործել է, իսկ մնացածը պահել հետագայում օգտագործելու համար: Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։
Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Վարորդը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգված, ծխամորճ և կաթուցիչ: Նա հայտնել է, որ դեղնականաչավուն զանգվածը թմրանյութ է՝ իր օգտագործման համար: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Չարենցավան քաղաքի բնակիչ 31-ամյա վարորդը ձերբակալվել և, իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։