ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անվտանգ հրավառություն

Անվտանգ հրավառություն

Ոստիկանությունը շարունակում է հանդիսությունների ու զվարճանքի վայրերում հրավառությունների վերահսկման ու կանոնակարգման աշխատանքները: Նպատակը քաղաքացիների անվտանգության, հատկապես գիշերային ժամերին բնակչության անդորրի պահպանումն է: Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կարգադրության' գիշերային ժամերին լռության խախտման դեպքերը բացառելու նպատակով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կողմից մշտապես վերահսկվում է հրագործական արտադրատեսակների առեւտուր իրականացնող կազմակերպությունների եւ անհատների գործունեությունը, կազմակերպվում են ստուգայցեր, պատասխանատուներին տրամադրվում են հիշեցման թերթիկներ:

Հրագործական սարքերը թույլատրվում է օգտագործել մինչեւ ժամը 23.00-ն, իսկ գործարկումից առաջ պետք է համաձայնեցնել վարչական տարածքի ոստիկանության բաժնի հետ:

Կտրականապես արգելվում է նման սարքերի վաճառքն անչափահասներին եւ օգտագործումը նրանց կողմից: Պահանջվում է խստագույնս պահպանել հրագործական սարքի շահագործման հրահանգի բոլոր կետերի պահանջները:

Գիշերային ժամերին հրագործական առարկաներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում' սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, նշված արարքի կրկնությունը տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում' ենթակա է նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով տուգանքի:

Ոստիկանությունը ընդգծում է. որ նպատակը տուգանելը չէ, այլ մեր համաքաղաքացիներին կրկին ու կրկին հիշեցնելը, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդ մարդիկ, երեխաներ, որոնց գիշերային անդորրը խանգարվում է հրավառությունների պատճառով:

Ոստիկանությունը համոզված է, որ համակեցության կանոնների պահպանման եւ ամրապնդման գործում հաջողության գրավականը ոչ թե պատիժն է, այլ փոխադարձ հարգանքի եւ օրինականության պահպանումը:

ՀՀ ոստիկանություն