Ամբարձիչ էլեկտրամեքենայով միջադեպ, որը պարտակել չհաջողվեց. Հրազդանի ոստիկանների բացահայտումը
Հուլիսի 10-ին, ժամը 16.47-ին, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնություն խումբը կանչով մեկնել է Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի սկզբնամաս՝ անասնաշուկայի մոտ, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Ահազանգով մեկնեց նաև օպերատիվ-քննչական խումբը: Դիակն արդեն նեխած էր, ու նաև այդ պատճառով արտաքին զննությամբ բռնության ակնհայտ հետքեր չհայտնաբերվեցին: Նախաձեռնվեց քրեական վարույթ:
Առաջին բարդությունը դիակի ինքնությունը պարզելն էր: Վերջին օրերին այդ տարիքի տղամարդու անհետ կորելու վերաբերյալ հաղորդում չէր ստացվել ո՛չ Հրազդանի, ո՛չ ոստիկանության մոտակա բաժիններում: Ձեռք բերված փաստերի համադրմամբ միայն իրավապահներին հաջողվեց պարզել մեռնողի ինքնությունը` 54-ամյա Ալբերտ Մինասյանը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ էր, ապրում էր միայնակ:
Քրեական վարույթի շրջանակներում օպերատիվ խմբի ձեռնարկած միջոցառումներին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության, Կոտայքի մարզային վարչության ու Չարենցավանի բաժնի ծառայողները, և համագործակցված աշխատանքի արդյունքում արագ ուրվագծվեց կատարվածի պատկերը:
Ամբարձիչ մեքենան վարել սովորելու նպատակով հուլիսի 2-ին Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 23-ամյա մի բնակիչ ընկերոջ հետ գնում է Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի հարակից տարածքի պեմզաբլոկի արտադրամաս, որտեղ էր նաև 54-ամյա Ալբերտ Մինասյանը: ժամը 11-ի սահմաններում 23-ամյա երիտասարդը ամբարձիչը հետընթաց վարելիս անզգուշորեն վրաերթի է ենթարկում Ալբերտ Մինասյանին: Տեսնելով, որ նա մահացել է, 24-ամյա ընկերոջ հետ որոշում են պարտակել հանցագործությունը. դիակը տեղափոխում են արտադրամասի հարակից դաշտամիջյան հատված և թողնում այնտեղ:
Միջադեպի բոլոր մասնակիցները հայտնաբերվել են, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Հրազդանի բաժին: Կոտայքի մարզային քննչական վարչությունում 23-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: