ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
27.03.2015 17:14
Ընդունելություններ

Մարտի 27-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ նորանշանակ տնօրեն Չարլզ Էնսիսոյի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Արամ Զաքարյանը նշեց, որ կարևոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի արդյունավետ համագործակցությունը, և ոստիկանության ղեկավարության անունից պատրաստակամություն հայտնեց ապագայում ևս բազմակողմանի աջակցություն ցուցաբերել իրականացվող ծրագրերին:
Չարլզ Էնսիսոն շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանությանը կատարված աշխատանքների համար, նշելով, որ մինչ այժմ երկու կառույցների միջև որևէ խնդրահարույց հարց չի առաջացել և առկա համագործակցությունը շատ արդյունավետ է ու նպատակային:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Խաղաղության կորպուսի գործունեությունը և իրականացվող ծրագրերը: Ներկայումս ավելի քան 70 կամավոր է ծառայում Հայաստանում, որոնք «Անգլերենը որպես օտար լեզու» և «Համայնքի ու երիտասարդության զարգացում» ծրագրերի շրջանակներում աշխատում են հանրապետության բոլոր մարզերում:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ավելի ակտիվացնել համագործակցությունը հատկապես երիտասարդությանը վերաբերող հարցերում՝ անմիջականորեն ներգրավելով ՀՀ ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումները և մարզային վարչությունները կամավորների կողմից իրականացվող աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:



