Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
24.07.2015 19:56
Ընդունելություններ

Հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդի փուլի առանձնահատկություններն ու արձանագրված հաջողությունները և գոհունակություն հայտնեց ՀՀ ոստիկանության և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում փոխդեսպան Փրայսն ասաց. «ԱՄՆ դեսպանությունը կարևորում է ՀՀ ոստիկանության հետ համագործակցությունը և 2010-2014 թթ. ոստիկանության համար կազմակերպել է հասարակական կարգի պահպանման հարցերով ուսուցումներ, որոնք տեղի են ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում: Այս ուսուցումների ընթացքում ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների կիրառումը «Հրեշտակների» ու հասարակական կարգի ապահովման վարչության կողմից գոհացուցիչ է, և մենք պատրաստ ենք գործակցել ՀՀ ոստիկանության հետ հասարակական կարգի պահպանման հարցերով հետագա ուսուցումների ու աջակցության հարցերում՝ հիմնվելով առկա կարիքների վրա: Սա շարունակական գործընթաց է: Առավել առարկայական մոտեցման համար մեզ հետաքրքիր կլինի լսել, թե ինչ դասեր են քաղվել հոսանքի գնի թանկացման հետ կապված հունիս ամսվա ընթացքում անցկացված բողոքի ակցիաներից»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Քլարկ Փրայսը համոզմունք հայտնեց, որ համագործակցության խորացման շնորհիվ բարեփոխման գործընթացն առավել արդյունավետ և նպատակային կդառնա:
Անդրադարձ կատարվեց նաև հունիսին տեղի ունեցած երևանյան իրադարձություններին: Հունան Պողոսյանը նշեց, որ հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով՝ ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նույն օրը նշանակվել էր ծառայողական քննություն և այս պահի դրությամբ ոստիկանության 12 ծառայող ստացել են կարգապահական տույժեր, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:
Պարոն Փրայսը բարձր գնահատեց ոստիկանության գործողությունները և հանդուրժողականությունը նշված օրերին, ինչպես և կարևորեց ոստիկանության օպերատիվ արձագանքը խախտումներ թույլ տված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից վերապատրաստման դասընթացների կազմակերպման հարցում հետագա օժանդակության հնարավորությունը:


