Ամփոփվեցին 2013 թ. առաջին եռամսյակի գործունեության արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
22.04.2013 10:32
Համակարգի լրատու
Ապրիլի 19-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2013 թվականի առաջին եռամսյակի գործունեության արդյունքները:
Խորհրդակցությունը, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, մարզային վարչությունների և բաժինների ղեկավարներ, վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության պետն առաջարկեց եռամսյակային արդյունքների ամփոփումը սկսել անչափահասների հետ տարվող աշխատանքների ոլորտից՝ նշելով, որ դա հանցագործությունների կանխարգելման առանցքային ուղղություններից է, որտեղ արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն:
Ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում Վլադիմիր Գասպարյանն առանձնացրեց մի շարք պատճառներ, որոնք խոչընդոտում են այդ ոլորտում ցանկալի արդյունքների արձանագրմանը, և նշեց թերությունների վերացման ուղիները:
Հանցավորության դեմ պայքարում արձանագրված արդյունքների քննարկումից հետո, որին մասնակցեցին ոստիկանության մարզային վարչությունների և բաժինների ղեկավարներ, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ աշխատանքի որակի բարելավման խնդրին՝ դրա հիմքում դնելով կադրային ու կառուցվածքային բարեփոխումների, անձնակազմի պրոֆեսիոնալ և բարոյահոգեբանական որակների բարձրացման, ծառայողական և կատարողական կարգապահության ամրապնդման, աշխատանքի գիտական կազմակերպման անհրաժեշտությունը:
Ոստիկանության գործունեության եռամսյա արդյունքների վերլուծությամբ հանդես եկան ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը և շտաբի պետ Վարդան Եղիազարյանը:
Վլադիմիր Գասպարյանն առանձնացրեց հատկապես արտաքին ծառայության և ոստիկանության այլ ստորաբաժանումների հստակ փոխգործակցության անհրաժեշտությունը, ինչը աշխատանքի արդյունավետության բարձրացման գրավականներից է:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նման աշխատանքային հանդիպումները կարևորեց որպես ոստիկանության գործունեության խթանման ազդակ ու գործողությունների համակարգման մեխանիզմ և հրահանգեց մանրակրկիտ ու հետևողականորեն պատրաստվել այդ քննարկումներին:
Խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
***
Նույն օրը տեղի ունեցած մեկ այլ խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների ղեկավարները, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների ընթացքում օրինականության ու հասարակական կարգի պահպանման և այդ ուղղությամբ ոստիկանությանն առաջադրվող խնդիրներին:
Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուներին ցուցումներ տվեց ընտրացուցակների կատարելագործման, ընտրատարածքներում հասարակական կարգի պահպանման, աշխատանքի համակարգման ու վերահսկման և ոստիկանության այլ գործառույթների վերաբերյալ, որոնց լիարժեք իրականացումը կապահովի ընտրությունների անցկացման բարձր մակարդակ, ինչը օրենքի և հասարակության պահանջն է: