Ապօրինի մտել էր նախկին կնոջ տուն և այրել գույքը
Մարտի 5-ին, ժամը 20.48-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Եղեգնավան գյուղի 35-ամյա բնակիչը այրել է Մաշտոցի փողոցի իր տունը:
Եղեգնավան է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում 35-ամյա տղամարդը դուռը կոտրել, ապօրինի մուտք է գործել նախկին կնոջ տուն, այրել հյուրասենյակի սեղանը, ծածկոցը և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում եղեգնավանցի 35-ամյա տղամարդը գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: