Այցելություն Արմավիրի մարզ և հանդիպումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
11.03.2014 20:01
Համակարգի լրատու
)
Մարտի 11-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այցելեց Արմավիրի մարզ և հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանի և ոստիկանության գերխնդիրը՝ օրենքին և ժողովրդին ծառայելու առաքելությունը, առանց որի գիտակցման անհնար է արդիական կառույցի ձևավորումը:
Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց անվերապահ աշխատանքային ու կատարողական կարգապահություն, հետևողական գործնական պարապմունքներ երիտասարդ կադրերի հետ, վետերանների ներգրավում ինչպես հանցավորության դեմ պայքարում, այնպես էլ ուսումնական ու դաստիարակչական գործընթացներում:
Վլադիմիր Գասպարյանը նաև կարևորեց ոստիկանության նախաձեռնողական մոտեցումը հատկապես անչափահասների շրջանում տարվող աշխատանքներին:
Վերլուծելով ոստիկանության մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը՝ ոստիկանության պետը նշեց առկա թերությունները և դրանց շուտափույթ վերացման ուղղությամբ տվեց կոնկրետ հաձնարարականներ ու ցուցումներ, միևնույն ժամանակ ընդգծելով, որ արատավոր երևույթները հիմնավորապես վերացնելու գրավականը ոստիկանության ծառայողի մասնագիտական, մարդկային ու քաղաքացիական բարձր որակներն են:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ:
Ոստիկանության պետը ներկայացրեց այն ուղղությունները, որոնցով տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանք է ակնկալվում՝ իրավական աջակցություն համայնքների ղեկավարներին, համակարգված բացատրական աշխատանք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու նպատակով, սերտ համագործակցություն մանկավարժների հետ, գյուղտեխնիկայի լրակազմի ապահովում՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով և այլն:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց մասնակիցների հարցերին: