Վանաձորում հանդիսավորությամբ բացվեց ոստիկանության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքը. արարողությունը կատարեցին բաժնի վետերաններից մեկն ու պարեկապահակետային ծառայության հատուկ գումարտակի երիտասարդ ծառայողները (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ՖՈՏՈՇԱՐՔ)
Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության պետը մասնակցեց ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքի բացմանը:
Բացման արարողությունը կատարեցին բաժնի վետերաններից մեկն ու պարեկապահակետային ծառայության հատուկ գումարտակի երիտասարդ ծառայողները:
Ի դեպ, հատուկ գումարտակի պարեկախմբերն այսուհետ ծառայություն են իրականացնելու նաև Վանաձորում:
Հանդիսավոր արարողությունից հետո, որին մասնակցում էին Լոռու մարզի մյուս իրավապահ կառույցների ղեկավարները, օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, Վլադիմիր Գասպարյանը շրջեց նորոգված շենքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը:
Այնուհետև ոստիկանության պետը պատասխանեց մարզային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին:
Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելեց նաև ոստիկանության Տարոնի բաժին, զրուցեց աշխատակիցների հետ, ծանոթացավ ծառայության պայմաններին:
Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզի ոստիկանության անձնակազմի հետ: