Անասնագողությունը բացահայտվեց դեպքից ավելի քան երկու տարի անց
Խոշոր եղջերավոր անասունների գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Թալինի բաժնում ստացվել էր 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչը հայտնել էր, որ գիշերը իր գոմից գողացել են 12 ցուլ՝ պատճառելով վեց միլիոն դրամի վնաս:
Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Պարզ էր, որ դա մեկ հոգու գործ չէր, հանցավոր խմբի մեջ էլ տեղանքին քաջածանոթ մարդ էր եղել: Վարկածը մշակվեց, սակայն արագ արդյունքի հասնել չհաջողվեց:
Հարուցվեց քրեական գործ, ինչի շրջանակներում շարունակվեցին բացահայտման միջոցառումները:
Հետևողականությունն, ի վերջո, արդյունք տվեց, և նախկինում առաջ քաշած վարկածը հաստատվեց ամբողջությամբ: Թալինի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն, թե ովքեր էին արել գողությունը. չորսը տուժած անասնապահի համագյուղացի էին, մեկը` Նոր Հաճնի բնակիչ:
Արագածավանի բնակիչներից մեկը ներկայացվել է Թալինի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: