Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
04.12.2013 19:34
Համակարգի լրատու
Դեկտեմբերի 4-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Խորհրդակցությունը նվիրված էր Ճանապարհային ոստիկանության կողմից երթևեկության կանոնների վերահսկման տեխնիկական միջոցների ներդրման և կիրառման գործունեության արդյունավետության դիտարկման արդյունքներին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ քննարկման խնդիրներին ու նպատակներին:
Արթուր Բաղդասարյանը կարևորեց Ճանապարհային երթևեկությունը կատարելագործելու ողղությամբ համատեղ աշխատանքի ու միասնական գործողությունների անհրաժեշտությունը:
Դիտարկումների արդյունքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի և ոստիկանության ներկայացուցիչները: Անդրադարձներ եղան ոլորտի օրենսդրական կատարելագործման, տեխզննության և վարորդական իրավունքի տրամադրման կարգի բարեփոխման, երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ուղևորատար տրանսպորտի վարորդների վերահսկողության և մի շարք այլ հրատապ խնդիրների լուծման եղանակներին ու մեթոդներին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ տուգանքների նվազեցման վերաբերյալ հարցադրմանը, ապա կարևորեց ճանապարհային անվտանգության ապահովման տեսանկյունից վարորդական իրավունքների տրամադրման գործընթացի խստացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացների և քննություները մարզերում ստեղծվելիք ավտոդրոմներում կազմակերպելու ճանապարհով:
Ինչ վերաբերում է հարակից գերատեսչությունների ու կառույցների հետ համագործակցությանը, ապա ոստիկանության պետը կարևորեց համատեղ աշխատանքը առողջապահության նախարարության ստորաբաժանումների հետ, ինչպես և ընդգծեց ապահովագրական կազմակերպությունների և ճանապարհային ոստիկանության փոխգործակցության ու փոխվստահության ապահովումը՝ երթևեկության լարվածությունը թուլացնելու և, մասնավորապես, մայրաքաղաքում անցանկալի խցանումներից զերծ մնալու համար:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը վերստին կարևորեց Ճանապարհային ոստիկանության աշխատանքն ու ընդգծեց այդ աշխատանքի հանդեպ հանրային վերաբերմունքի բարեփոխման անհրաժեշտությունը:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Ազգային անվտանգության քարտուղարն ու ոստիկանության պետը համատեղ հանձնարարություններ տվեցին աշխատանքային խմբերին: