Աշտարակի ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել
Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Աշտարակ քաղաքի տարբեր վայրերում կայանված մեքենաներից կատարվել են գողություններ: Հետագա միջոցառումների արդյունքում հիմնավորվեց, որ գողությունները կատարել էր Աշտարակի Արարատյան փողոցի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ:
Բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 24-ին երիտասարդը ներկայացավ բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքները: Մասնավորապես, նոյեմբերի 15-ին Տիգրան Մեծի փողոցում կայանված «Հոնդայից», իսկ այս տարվա հունվարի 3-ին` Պռոշյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106-ից» փորձել էր կատարել գողություն, դեկտեբերի 14-ին Արամ Մանուկյան փողոցում կայանված «Ռենոյից» գողացել էր 87 հազար դրամ, երկու օր անց` վերոհիշյալ «ՎԱԶ-2106»-ից գողացել էր ձեռքի ժամացույց, 5 հազար դրամ և արևային ակնոց: Միակ պահպանված գողոնը` արևային ակնոցը, երիտասարդը հետը բերել էր բաժին:
Նույն օրը 27-ամյա երիտասարդը ներկայացվել է Արագածոտնի քննչական վարչություն, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: