ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը Տաշքենդում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայիսի 31-ին Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի ընթացքում քննարկվեցին օպերատիվ-հետախուզական գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի/ոստիկանության մարմինների հարցումներով միջազգային վերահսկվող մատակարարումների կազմակերպման և անցկացման միասնական կարգը և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների/ոստիկանության կողմից համալիր համակարգված և/կամ համատեղ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների անցկացման կանոնակարգը։
Քննարկվեց և համաձայնություն տրվեց «Մինչև 2030 թվականի համար ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների/ոստիկանության համագործակցության հայեցակարգին»։
Հանցավորության դեմ պայքարի ոլորտում հետագա համագործակցության առաջնային հարցերի շուրջ ելույթով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ ներկայացնելով ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումները, ինչպես և ԱՊՀ ներքին գործերի/ոստիկանության մարմինների համագործակցության ընթացքում առկա առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։
Վալերիյ Օսիպյանը, մասնավորապես, նշեց, որ առանցքային ձեռքբերում է հանրապետությունում համակարգային կոռուպցիայի վերացումը, իսկ առանձին կոռուպցիոն դրսևորումներ խստորեն կանխվում են, ու մեղավորները պատիժ են կրում օրենքի ողջ խստությամբ:
Ոստիկանության նվաճումներից է նաև հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, և ամեն ինչ արվում է այն անհրաժեշտ մակարդակի պահելու համար՝ առաջին հերթին հանրային ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի և քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության արդյունավետության բարձրացման միջոցով: Այդ առումով կարևորվեց նաև առաջիկայում ներդրվելիք պարեկային ծառայության գործունեությունը:
Անդրադառնալով ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի և ոստիկանության մարմինների համագործակցության ամրապնդման խնդիրներին՝ Վալերիյ Օսիպյանն առանձնացրեց կիբեռհանցավորության, մարդկանց առևտրի, անօրինական միգրացիայի, զենքի և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտները և դրական գնահատեց փոխգործակցության արդյունքները հետախուզվող անձանց հայտնաբերման բնագավառում:
Օրակարգի բոլոր հարցերով ընդունվեցին համապատասխան որոշումներ:
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը կկայանա 2020 թվականին, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
ՀՀ ոստիկանության պետ Վ.Օսիպյանին և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունեց Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շաքկատ Միրզիյոևը։