Ավազակային հարձակման իմիտացիա
14.08.2013 13:05
Ավազակություն
Օգոստոսի 13-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել խաղատան աշխատակից, 1981 թ. ծնված Մինաս Վ.-ն և հայտնել, որ Զովունի գյուղի 1-ին փողոցում գտնվող խաղատանը կատարվել է ավազակային հարձակում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 13-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Մինաս Վ.-ն զանգահարել է խաղատան տնօրենին և հայտնել, որ ժամը 04.40-ի սահմաններում, դիմակավորված անձը խաղասրահի հետնամասի դռան զանգը տալուց հետո, երբ ինքը բացել է դուռը, խաղասրահի մուտքի մոտ, զենքի սպառնալիքի տակ պահանջել է գումար և ստանալով մոտ 168.000 դրամ` հեռացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ Մինաս Վ.-ն խոստովանել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ ինքը, նախօրոք փչացնելով խաղասրահում տեղադրված տեսախցիկների ձայնագրման սարքավորումը, յուրացրել է վերը նշված գումարը` իր անձնական կարիքները հոգալու համար և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով ստեղծել է ավազակային հարձակման իմիտացիա:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: