Ավազակություն` առանց հաղորդման. Աշտարակի ոստիկանների բացահայտումը
Ավազակության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացան նոյեմբերի 21-ին: Ըստ տեղեկության` երկու օր առաջ, գիշերը, Ներսես Աշտարակեցու փողոցի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ նույն փողոցի մեկ այլ շենքի շքամուտքում դանակով հարձակվել էր 35-ամյա բնակչի վրա և հափշտակել նրա բջջային հեռախոսն ու փող:
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Նույն օրը, ավազակություն կատարելու կասկածանքով, 41-ամյա տղամարդը ձերբակալվեց: Պարզվեց, որ դեպքը կատարվել էր նոյեմբերի 19-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, իսկ հեռախոսից բացի հափշտակվել էր 100 հազար դրամ:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիքը և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: