Ավտոհայելիների գողությունները բացահայտվեցին
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել էր հաղորդում, որ գողացել են մայրաքաղաքի Հերացու փողոցում կայանված «Տոյոտա» մակնիշի մի մեքենայի կողային հայելիների ապակիները: Մեքենան հենց փողոցում էր կայանված, ոչ թե բակում, տերն էլ ցերեկվա ժամին եկել էր աշխատավայր: Հասկանալի է, որ ցերեկով բակում գողություն անել չեն հանդգնի: Եվ այդ հանգամանքը բացահայտման հարցում որոշիչ էր լինելու:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: Մարաշի բաժանմունքից դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ, իսկ քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ: Ի վերջո, առավոտյան պարզվեց, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի 46-ամյա մի բնակիչ:
Մայրաքաղաքի կենտրոնի փողոցներում կազմակերպվեց դարանակալում, և ժամը 11.30-ի սահմաններում Չարենցի փողոցում տղամարդը հայտնվեց իրավապահների տեսադաշտում: Հերթական մեքենայից գողություն անելուց հետո Մարաշի քրեական հետախույզներն անցան գործի: Հետապնդումը կարճ տևեց՝ մինչև Ալեք Մանուկյան փողոց, ու թեև այդ ընթացքում տղամարդը հասցրեց գողացած ապակիների մի մասը նետել, սակայն մյուս մասը դեռ մոտն էր: Ինչպես ասում են` բռնվել էր փաստով:
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ տղամարդը Չարենցի փողոցում արդեն հասցրել էր կողային հայելիների ապակիների մի շարք գողություններ անել: Այսպես, ժամը 10-ին հանել էր «Լեքսուսի», ժամը 10.10-ին` «Տոյոտայի», 10 րոպե անց` երկու «Տոյոտայի», 10.50-ին` «Նիսանի» և «Լեքսուսի» կողային հայելիների ապակիները:
Բոլոր դրվագներով գողոնն առգրավված է, մեքենայատերերից ընդունվել են հաղորդումներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: