Ավտոմեքենան առևանգել էր վարելու նպատակով
Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել 54-ամյա մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, օգտվելով ավտոմեքենայի դուռը բաց լինելու և բանալին շարժիչի գործարկման փականում գտնվելու հանգամանքից, փախցրել են շինարարական ընկերության շենքի մոտ կայանված «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 12.00-ին, նշված ավտոմեքենան` սարքին վիճակում, հայտնաբերվել է դեպի «Շիրակ» օդանավակայան տանող` Գյումրի քաղաքի հարավ-արևելյան շրջանցիկ ճանապարհին:
Նույն օրը, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 68 շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Տիգրան Ա.-ին, որը բաժնում խոստովանել է, որ ավտոմեքենան առևանգել է ինքը` վարելու նպատակով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: