Արաբկիրի ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին բնակարանային գողությունը
Փետրվարի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ ստացվեց բնակարանային գողության վերաբերյալ: Քաղաքացին զանգել էր 1-02 և հայտնել, որ մտել են Արաբկիրի փողոցի մի առանձնատուն և տարել տեսախցիկներ:
Մեկնած ոստիկանները նախ պարզեցին որոշ կարևոր մանրամասներ: Արտերկրում ապրող տանտերերը, որ տեսահսկող սարքեր էին տեղադրել և համացանցով հսկում էին տունը, նկատել էին, որ տեսախցիկներն անջատված են: Զանգել էին Երևանում ապրող իրենց վստահորդին և խնդրել, որ ոստիկանություն հաղորդում տա, նա էլ անմիջապես զանգել էր 1-02:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում կասկածվողի վերաբերյալ տվյալներ ստացվեցին։ Մնաց գործի տեխնիկական մասը:
Նույն օրը երեկոյան, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց 36-ամյա մի տղամարդ: Նույն փողոցում բնակվող տղամարդը ներկայացվեց Արաբկիրի քննչական բաժին և խոստովանեց, որ ինքն է բացել հարևանների դուռը, մտել տուն ու գողացել երկու տեսախցիկ:
Գողոնը հայտնաբերվել է, տղամարդը` ձերբակալվել: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: