Արաբկիրի ոստիկանները բնակարանային գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել
Հոկտեմբերի 27-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արբակիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վրացական փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել:
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Պարզվել էր՝ նույն օրը, ժամը 8-ից մինչև 20.30-ը, հարմարեցված բանալիով բացել էին մուտքի դուռը, գողացել ոսկյա զարդեր, օծանելիք, բիժուտերիա և դյուրակիր համակարգիչ:
Բնակարանային գողության փաստով հարուցվեց քրեական գործ։ Արաբկիրի քրեական հետախույզների հետևողական աշխատանքի արդյունքում հաղորդումից ամիսներ անց տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի 38-ամյա մի բնակիչ։ Դեկտեմբերի 8-ին նա Խուդյակովի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա սեպտեմբերի 9-ին նույն եղանակով Մամիկոնյանց փողոցի մի բնակարանից էր փորձել գողություն անել։ Մտել էր տուն, սակայն ինչ-ինչ պատճառներով ոչինչ չգողանալով՝ հեռացել էր:
Բերման ենթարկված տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին ու ձերբակալվել։
Ձեռնարկվում են միջոցառումնե՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: