2020 թվականի լավագույն ճանապարհային ոստիկան է ճանաչվել մայոր Արթուր Արևշատյանը
Անվտանգ երթևեկության կազմակերպումը բարդ խնդիր է, և այդ գործում մեծ է ճանապարհային ոստիկանության դերը: Մայրաքաղաքի ծանրաբեռնված փողոցներում որևէ վթար կամ պատահար տեսնելիս մտածում ենք՝ մեքենան տեխնիկապես ի՞նչ վիճակում է եղել, վարորդը պահպանե՞լ է երթևեկության կանոնները, սթա՞փ է եղել, թե՝ ոչ: Հարցեր, որոնք հենց ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Հատկապես աշխատանքային օրվա ավարտին՝ խիտ երթևեկության պայմաններում, ճանապարհային ոստիկանի ծառայությունը կրկնակի ուշադրություն ու զգոնություն է պահանջում։ Կա մի կարևոր հանգամանք ևս. ի տարբերություն օպերատիվ ծառայություն իրականացնող ստորաբաժանումների, ճանապարհային ոստիկաններն ավելի շատ են շփվում քաղաքացիների հետ, և ոստիկանության մասին քաղաքացին հաճախ կարծիք է կազմում հենց նրանց հետ առնչվելիս։
2020 թվականին այս պատասխանատու, քաղաքացու ուշադրության կենտրոնում գտնվող բնագավառում իր հաջողություններով աչքի ընկավ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արթուր Արևշատյանը:
Արթուր Արևշատյանը ոստիկանությունում ծառայության է անցել 1994 թվականին։ Սկզբում ծառայել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ ծառայությունում, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում։ 2001 թվականից ծառայում է ՃՈ առաջին սպայական գումարտակում։ Առաջին սպայական գումարտակը ծառայություն է իրականացնում Երևան քաղաքի վարչական տարածքում: Յուրաքանչյուր տեսուչ պարտավոր է իմանալ ոչ միայն իր երթուղին, այլև երթուղու ռիսկային գոտիները՝ որ խաչմերուկում կամ փողոցի որ հատվածում ավելի շատ են երթևեկության կանոնների խախտման, վթարների ու պատահարների դեպքեր գրանցվում:
Ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների հետ համագործակցության արդյունքում նաև ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել, հայտնաբերել գողացված կամ հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենա։ Մի բան ակնհայտ է՝ Արթուր Արևշատյանը լավագույնն է ճանաչվել կարգապահ, բարեխիղճ աշխատանքի, ծառայության մեջ բարձր ցուցանիշներ ունենալու համար։