Արմավիրի մարզի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել
Ապրիլի 26-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք փոխանցեցին Վաղարշապատի բաժնի գործընկերներին։ Արդյունքում՝ հայտնաբերվեցին ու Վաղարշապատի բաժին բերման ենթարկվեցին մի խումբ անձինք։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ։
Քրեական հետախույզների տեղեկություններով՝ թմրանյութը նրանց իրացրել էր Էջմիածին քաղաքի 33-ամյա մի բնակիչ: Փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո թմրամիջոցն իրացնելու մեջ կասկածվող տղամարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված: Հարուցված քրեական գործի շրջանակներում 33-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: