Արմավիրի համայնքային ոստիկանների ստացած տեղեկություններով թմրամիջոց և հրազեն է հայտնաբերվել
Մայիսի 14-ին ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցում գործող արտադրամասի տարածքում տնօրենը կանեփ է աճեցնում։ Ըստ տեղեկությունների՝ մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսերն արտադրամասում խոշոր չափերի էին հասնում, իսկ շինության սենյակներում պահվում է նաև չորացված զանգված։
Տեղեկությունների հիման վրա հարուցվեց քրեական գործ։
Նույն օրը, ժամը 16։30-ին, դատարանի որոշմամբ արտադրամասի տարածքը խուզարկվեց։ Տնօրենի աշխատասեղանի դարակից հայտնաբերվեց օգտագործած երկու կաթուցիչ և կանեփի սերմեր։ Արտադրամասի այգու, աշխատասենյակների և կիսակառույց շինության խուզարկությամբ էլ հայտնաբերվեց կանեփի շուրջ 200 սերմահատիկ և կանեփանման 14 բույս։
Արտադրամասի տնօրենը ոստիկաններին ինքնակամ ներկայացրեց նաև գործարանային համարով ակոսփող հրազեն, 5,6 մմ տրամաչափի 8 փամփուշտ և կանեփի 124 սերմահատիկ։ Ըստ տնօրենի՝ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: