Բազումի ոստիկանները բացահայտեցին դանակահարությունը
Դանակահարության վերաբերյալ տեղեկությունը հիվանդանոցից չստացվեց: Պատճառն այն էր, որ դանակի երկու հարված ստացած պատանին պարզապես չէր դիմել բժշկի: Տեղեկությունը ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ ճանապարհով, իսկ տվյալներն իրացնելիս համագործակցեցին Գուգարքի գործընկերների հետ, և բացահայտումը չուշացավ:
Գուգարքի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին եկավ դանակահարողը: 16-ամյա պատանին պատմեց, որ ապրիլի 12-ի ցերեկը Շահումյան գյուղի դպրոցի ճանապարհին վեճ էր ծագել իր և մի քանի տղաների միջև: Նրանցից մեկն իրեն ասել էր. «Խի՞ ես եկել, էստեղ քեզ ոչ ոք չի սպասում», ինչից հետո իրեն կանչել էին դպրոցի մոտ, մեկը ոտքով խփել էր գոտկատեղին, մեկ ուրիշը` 18-ը չլրացած մի պատանի, սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել իր հասցեին, ինչից վրդովված էլ ինքը հանել էր դանակն ու երկու անգամ խփել հայհոյողի մեջքին:
Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: