Ներկայանում էր որպես հարկայինի աշխատակից ու փող հափշտակում. Բազումի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 43-ամյա մի բնակիչ քաղաքի տարբեր վաճառակետերից, աշխատողների վստահությունը չարաշահելով, գումար է հափշտակում: Խարդախության եղանակը հետևյալն էր. հանցավորը նախապես ճշտում էր սեփականատիրոջ անունը, մտնում խանութ կամ դեղատուն, ձևացնում՝ իբր հեռախոսով նրա հետ է խոսում, ներկայանում էր որպես հարկային ծառայության աշխատակից և սեփականատիրոջ անունից վաճառողից փող էր վերցնում: Ստացված տեղեկությունների համաձայն՝ 43-ամյա տղամարդն ապրիլի 30-ին Վանաձորի Թատերական փողոցի մի դեղատնից նման եղանակով փող էր հափշտակել: Փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո մայիսի 5-ին Բազումի քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին: Պարզվեց, որ նա ապրիլի 30-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի նվերների խանութից նույն եղանակով դարձյալ փող էր հափշտակել: Վարդանանց և Տիգրան Մեծի փողոցների վեց խանութից ևս փորձել էր խաբեությամբ գումար հափշտակել, բայց աշխատակիցները հրաժարվել էին գումար տալուց: Խարդախության փորձի ու խարդախության տասից ավելի հանցադրվագների հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: