Բակային հանդիպումերը շարունակվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Հերթական հանդիպումներն անցկացրին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի, Չարենցավանի և Նաիրիի բաժինների աշխատակիցները:
Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի և Չարենցավանի 6-րդ ու 7-րդ թաղամասերի շենքերի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ոստիկանները ներկայացրին՝ ինչպես զերծ մնալ հանցավոր ոտնձգությունից, ինչպես պահպանել տունն ու ունեցվածքը, ինչ անել հանցագործություն լինելու դեպքում, ում դիմել կասկածելի բան նկատելիս: Խուրհուրդ տրվեց՝ տնից երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին, այդ նպատակով բնակիչներին ևս մեկ անգամ բաժանվեցին այցեքարտեր: Ոստիկանները հորդորեցին նաև գողություն լինելիս անմիջապես դիմել ոստիկանություն, քանի որ արագ արձագանքման դեպքում մեծանում է բացահայտման հավանականությունը։
Նաիրիի ոստիկանները հանդիպումներ ունեցան Քանաքեռավան և Նոր Երզնկա համայնքներում: Գյուղական համայնքներում խնդիրները քիչ այլ են, այստեղ կա նաև անասնագողության ռիսկը: Ոստիկանները հորդորեցին գոմերի դռները կողպել հուսալի փականներով, պատուհաններին տեղադրել ճաղավանդակներ, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին խորհուրդ տրվեց գյուղի ելումուտի ճանապարհներին տեղադրել տեսահսկող սարքեր:
Ի թիվս այս հարցերի՝ բոլոր համայնքներում ոստիկանները բացատրական աշխատանք են տարել ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու անհրաժեշտության մասին՝ վերստին հիշեցնելով, որ կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Բակային հանդիպումները շարունակվում են: