Քրեական հետախույզները բնակարանային գողություն են բացահայտել
Մայիսի 22-ի առավոտյան ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ Քանաքեռի իր տնից գողություն են արել:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված տուն: Պարզվեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում, երբ տանը մարդ չէր եղել, տեխնիկական միջոցների գործադրմամբ հանել էին հետնամուտքի դռան ապակին և տարել բջջային հեռախոս, նոթբուք, ֆոտոխցիկ և այլ ապրանք: Ձեռնարկվեցին անհետաձգելի գործողություններ, ուսումնասիրվեց տարածքը, սակայն կողմնորոշիչ հետքեր ու հանգամանքներ չհայտնաբերվեցին:
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները համագործակցեցին Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերվեց հավաստի տվյալ, որ գողությունը կարող է կատարած լինել Եղվարդի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: Հունիսի 7-ի առավոտյան նա հայտնաբերվեց հայրենի քաղաքում և բերման ենթարկվեց Քանաքեռ-Զեյթունի բաժին: Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունն իրականացնող մարմնին, տվել է խոստովանական ցուցմունք, նաև հանձնել գողացած հեռախոսը:
31-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: