ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները 28 տարի առաջ կատարված սպանություն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

02.08.2018 17:30 Սպանություն
Ոստիկանները 28 տարի առաջ կատարված սպանություն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեպքը 28 տարի առաջ էր կատարվել` աշնանը: 1990 թվականի հոկտեմբերի 31-ի գիշերը Գեղարդի վանքի դիմաց, ձախ սարալանջին, ոստիկանները հայտնաբերեցին անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով: Ավելի ուշ պարզվեց` մահացածը 1926 թվականին ծնված Երևանի բնակիչ Վիլեն Սարգսյանն է, որին որպես անհայտ կորած ոստիկաններն օրեր շարունակ որոնում էին:
Ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվեց քրեական գործ: Ստեղծվեց օպերտիվ-քննչական խումբ: Սարգսյանը Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող էր: Հարազատները ոչ ոքի չէին կասկածում, վստահեցնում էին, որ թշնամիներ չուներ: Սպանության բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին, ստուգվեցին հետախուզական միջոցառումների պլանով նախատեսված բոլոր վարկածները: Սակայն հանցագործությունը կատարած անձին հայտնաբերել չհաջողվեց: Թվում էր ժամանակի հետ մոռացության կմատնվի ամեն ինչ, բայց նման արարքները չեն մոռացվում և դեպքից մոտ երեք տասնամյակ անց սպանությունը բացահայտվեց:
Ոստիկանության ՔՀԳ վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Գառնի գյուղի բնակիչ Մուշեղ Օհանյանը: Օգոստոսի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Մուշեղ Օհանյանը Գառնի գյուղի իր առանձնատնից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին:
Ըստ նրա` կատարվածը դժբախտ պատահականություն էր: Որսի ժամանակ թփուտների մեջ չէր նկատել տղամարդուն, շփոթել էր որսի հետ ու կրակել...
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Մուշեղ Օհանյանը ներկայացվել է Արտաշատի քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: