Դանակահարել էր երկու համագյուղացու. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Ապրիլի 30-ի երեկոյան Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում երկու անձ էր դանակահարվել: Գյուղում վեճ ու կռիվ էր եղել, և վեճի մասնակից մի երիտասարդ երկու համագյուղացու դանակահարել էր:
Ո´չ այդ, ո´չ հաջորդ օրը որևէ բուժհաստատությունից ոստիկանություն ահազանգ չստացվեց: Կատարվածը թաքցնելու նպատակով տուժողները հիվանդանոց չէին դիմել, տնային պայմաններում էին մշակել վերքերը: Եվ, այդուհանդերձ, մայիսի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ոչ միայն դանակահարության մասին տեղեկություններ ստացան, այլև պարզեցին մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը. Բաղրամյան գյուղի բնակիչ էր, 21 տարեկան:
Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: