Բացահայտվել է գողության դեպք. 30-ամյա տղամարդը ձերբակալվել է
Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը, օգտվելով Տիչինայի 2-րդ փակուղու տներից մեկի բնակչի անուշադրությունից, գողացել էր բակի սեղանին դրված բջջային հեռախոսը, արծաթյա շղթան՝ խաչով, և ժամացույցը՝ պատճառելով շուրջ 200.000 դրամի վնաս:
Ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդում էին ընդունել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունն արել է Ռուսթավելու փողոցի բնակիչ, 30-ամյա տղամարդը։ Սեպտեմբերի 8-ին նա հայտնաբերվեց Անդրանիկի փողոցում և բերման ենթարկվեց Մալաթիայի բաժին։ Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն ու ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: