Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին
Հունվարի 29-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։
Վահե Ղազարյանը շնորհավորեց Ալեքսանդր Կոնյուկին՝ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նա բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության և Բելառուսի ներքին գործերի նախարարության համագործակցությունը։
Ոստիկանության պետը երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց։
Ալեքսանդր Կոնյուկը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորեց ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում առկա կապը երկու երկրների իրավապահ կառույցների միջև։
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր։