Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը ժամանել է Հայաստան
Օգոստոսի 18-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ կիբեռհանցավորության հակազդման գլխավոր վարչության պետի տեղակալ Կիրիլ Վյատկինի գլխավորությամբ:
Պատվիրակությանն ընդունեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը:
Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման աշխատակիցները: Քննարկվեցին ժամանակակից կիբեռտիրույթում առկա սպառնալիքներն ու մարտահրավերները, փորձի փոխանակման նպատակով ներկայացվեցին կիբեռհանցավորության դեմ պայքարում երկու երկրների հաջողությունները:
Նշվեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում ոչ մի երկիր ի զորու չէ միայնակ հակազդել կիբեռհանցագործություններին, և այս ուղղությամբ միջազգային համագործակցության հետագա ամրապնդումն այլընտրանք չունի:
Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր ևս:
Բելառուսական պատվիրակությունը եղավ նաև Քրեական ոստիկանության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում, ծանոթացավ ստորաբաժանման աշխատանքին:
Բելառուսի ՆԳՆ պատվիրակության այցը շարունակվում է: