Բերման ենթարկվածը հետախուզվում էր այլ հոդվածների մեղադրանքով
Հունիսի 30-ին ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները Բուռնազյան փողոցում հայտնաբերել և Էրեբունու բաժին բերման են ենթարկել 46-ամյա Հարություն Կ.-ին, որը 2020 թ. օգոստոսի 17-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 267.1-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հոդվածների մեղադրանքով: Բերման ենթարկվելիս նա նետել էր 1,66 գրամ քաշով բյուրեղանման զանգված: Հարություն Կ.-ն հայտնել է, որ զանգվածը «կրիստալ» տեսակի թմրամիջոց է՝ իր օգտագործման համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: