Մարտունու ոստիկանները բացահայտել են Վարդենիկ գյուղի բնակարանային գողությունը. կան ձերբակալվածներ
Փետրվարի 23-ի գիշերը 1-02 ծառայություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի իր տան խոհանոցի պատուհանից մտել են ներս, գողացել փող ու ոսկեղեն: Տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Մարտունու բաժին:
Դեպքի վայր մեկնած բաժնի օպերատիվ խումբը ձեռնարկեց անհետաձգելի միջոցառումներ, քրեական հետախույզներն էլ անցան օպերատիվ աշխատանքի: Դեպքի մի շարք հանգամանքներ հուշում էին, որ կատարողներին փնտրելու համար հեռու գնալ պետք չէ:
Ի վերջո, դեպքից երկու օր անց, երբ արդեն ձեռք էին բերվել բավական ապացույցներ, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարտունու բաժին բերման ենթարկվեցին 17, 18 և 27 տարեկան երեք երիտասարդ. երեքն էլ տուժածի համագյուղացիներն էին: Նրանք խոստովանեցին արարքը: 27-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փող: Նա խոստովանեց, որ դա էլ գողոնի մաս է: Պարզվեց նաև, որ 18-ը դեռ չբոլորած պատանին փետրվարի 24-ին գողացած ոսկյա ականջօղեր էր հանձնել Երևանում բնակվող տարեկից ընկերոջը, նա էլ Մալաթիայի տոնավաճառում դրանք վաճառել էր մի անծանոթի: Իսկ 18-ն արդեն բոլորած պատանին իրավապահներին է ներկայացրել թաքցրած գողոնի մյուս մասը` 108 հազարից ավելի մետաղադրամ ու ոսկյա մեկ շղթա:
Դեպքի առթիվ Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, երեքն էլ ձերբակալվել են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: