Բնակարանային գողության փորձի համար ձերբակալվածը նախկինում նույն շենքի այլ բնակարանից էր գողություն արել
Մայիսի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բարբյուսի փողոցի 30 շենքի մի բնակարան գող է մտել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները պարզել են, որ ժամը 20.40-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր առաջին հարկի բնակարանի պատշգամբի դուռը, սակայն նկատելով տանտիրոջը՝ փախել էր:
Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ։ Շուտով օպերատիվ տեղեկություններ ստացվեցին ենթադրյալ հանցանքը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Դեպքից 2 ժամ չանցած՝ 36-ամյա տղամարդը հայտնաբերվեց Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում և, բնակարանային գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց։ Նա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց: Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց նաև, որ դա նրա միակ հանցարարքը չէ։ Փետրվարի 12-ին գողություն էր արել նույն շենքի մեկ այլ բնակարանից։ Բացելով 3-րդ հարկի բնակարանի պատշգամբի դուռը՝ մտել էր տուն և գողացել ոսկյա ու արծաթյա զարդեր, կենցաղային իրեր: Այդ դեպքով ևս հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: