Արտաշատի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է
Փետրվարի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ իր տան ննջասենյակից անհետացել են ոսկյա 4 զարդ, 300 դոլար, 700 եվրո և 100 000 դրամ։ Հայտնել էր նաև, որ ենթադրյալ գողությունը արվել է իր համար անհասկանալի պայմաններում, քանի որ փետրվարի 21-ից տան անդամներից մեկը մշտապես տանն է եղել, մուտքի դուռն ու պատուհաններն անվնաս էին, իսկ տան մնացած իրերն՝ իրենց տեղերում։
Փետրվարի 25-ին դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Փետրվարի 28-ին, ժամը 20.10-ին, տղամարդը կրկին ահազանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ 10-15 րոպե առաջ իր տնից կրկին փող են գողացել։ Անհայտ անձը պատշգամբով բարձրացել էր տան երկրորդ հարկ, մտել ննջարան ու գողացել 90 000 դրամ։
Արտաշատի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը Արտաշատի Իսակովի փողոցում հայտնաբերվել և, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 22-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է։
Դատարանի որոշմամբ խուզարկվել է ձերբակալվածի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվել են օծանելիք ու ոսկեղեն։ Տղամարդը հայտնել է, որ օծանելիքն օրեր առաջ գողացել է Արտաշատի մի պանդոկի մոտ կայանված ավտոմեքենայից, իսկ ոսկեղենը փետրվարի 11-ին գողացել է Իսահակյան փողոցի տնից։
Քրեական գործի նախաքննության ընթացում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ 22-ամյա տղամարդը նախկինում կատարել է գողություններ, գողության փորձ ու ավազակություն։ Տղամարդու հանցավոր գործողություններից տուժողներին պատճառված նյութական վնասը շուրջ 1,5 միլիոն դրամի էր։
22-ամյա տղամարդը կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: