Մալաթիայի քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Մալաթիայի քրեական հետախույզները գողության վերաբերյալ ստացել էին տեղեկություն, որն իրացրին մարտի 17-ին: Ցերեկվա ժամը 1-ին նրանք Նորք-Մարաշ թաղամասում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի: Նա իրավապահներին պատմեց, որ վերջին ամիսներին ինն անգամ գողություն է արել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ երիտասարդի հիշողությունից վրիպել էր ևս մեկ հափշտակություն. մարտի 8-ին բաց դռնով մտել էր Սեբաստիայի փողոցի մի տուն և գողացել բջջային հեռախոս, դրամապանակ ու անձնագիր: 26-ամյա երիտասարդն ընդունել է նաև այս դրվագն ու ներկայացրել գողացած անձնագիրը:
Միջոցառումները շարունակվում են, դեպքերի հանգամանքներն էլ՝ պարզվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: