Բնակիչների կողքին, նրանց խնդիրներով մտահոգ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը ծառայում է օրենքին ու ժողովրդին, ապահովում է քաղաքացիների անվտանգությունն ու պահպանում հասարակական կարգը: Ու ոչ միայն: Հասարակություն-ոստիկանություն կապն ամրապնդելու միջոցներից մեկն էլ մշտապես մարդկանց կողքին լինելն է, նրանց հոգսերով ապրելը, հնարավորության դեպքում՝ աջակցելը, նաև այնպիսի հարցերում, որոնք դուրս են ոստիկանության ուղղակի գործառույթների շրջանակից:
Սրա հերթական ապացույցը օգոստոսի 27-ին էր: Այդ օրը Արմավիրի մարզի Խորոնք գյուղում մի խումբ բնակիչներ կազմակերպել են բողոքի ակցիա, ինչի մասին անմիջապես տեղեկացել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները: Գյուղացիների հետ զրույցներով պարզվել է, որ բողոքը կապված է էլեկտրաէներգիայի հաճախակի անկանոն անջատումների հետ:
Հուզված բնակիչներին հանդարտեցնելուց և հարցի լուծման տարբերակները քննարկելուց հետո ոստիկանները նույն օրը հանդիպում են ունեցել Հայկական էլեկտրացանցերի ՙՄուսալեռ՚ մասնաճյուղի տնօրինության հետ: Ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություներ, կազմվել են աշխատանքային խմբեր:
Եվ ահա, օգոստոսի 29-ին ևս մեկ անգամ գյուղում անջատվում է էլեկտրամատակարարումը, բայց այս անգամ պաշտոնապես հայտարարելուց հետո: Հոսանքազրկման վեց ժամերի ընթացքում վերանորոգվում և թարմացվում են էլեկտրական գծերը, ենթակայանները և անսարք անջատիչները: Մասնագետները հավաստիացնում են, որ Խորոնք գյուղում այլևս անակնկալ ու անկանոն անջատումներ չեն լինի:
Բնակիչները Վաղարշապատի բաժին գալով՝ իրենց գոհունակությունն են հայտնել ոստիկանների արագ արձագանքման և աջակցության համար ու նշել, որ նորոգման աշխատանքներից գոհ են: